Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ, թերևս, տարվա վերջին քաղաքական նախաձեռնությամբ: Նա մյուս տարվա մեկնարկին՝ հունվարի 20-ին, նախաձեռնելու է խոշոր խորհրդաժողով, որին մասնակցելու են «համաժողողովրդական շարժմանը» միացած արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կակածից վեր է, որ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ավտոնոմ է ու համաձայնեցված չէ եռյակի մյուս կուսակցությունների հետ, այլապես խորհրդաժողովը կհրավիրվեր միասնական ձևաչափով ու այդքան չէր ընդգծվի ԲՀԿ առաջնորդի դերկատարությունը: Սա հերթական քայլն է, որն ուղղված է Ծառուկյանի քաղաքական լիդերության ամրագրմանը, և ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ըստ էության, պետք է արձագանքեն՝ համաձա՞յն են, թե՞ ընդդիմանում են ԲՀԿ առաջնորդի միանձնյա լիդերության հայտին: «Ժառանգության» դրական արձագանքն արդեն հայտնի է՝ գոնե փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դեմքով: Բայց սա եկեք հարաբերականորեն համարենք կուսակցության տեսակետ, որովհետև հունվարի 20-ին դեռ երկար ժամանակ կա, ու, որ ամենակարևորն է, չի խոսել Րաֆֆի Հովհաննիյանը, ով վերջին շրջանում հաճախ սրբագրում է իր կուսակիցների ասածները: ՀԱԿ-ը տպավորություն է ստեղծել, թե կանխավ տեղյակ էր Ծառուկյանի նախաձեռնությանը, սակայն, ըստ էության, չի հստակեցրել խորհրդաժողովին իր մասնակցության հարցը: «Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ Եռյակի ձևաչափերով»,- ասել է կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը: Եթե դուրս գանք դիվանագիտական ձևակերպումների շրջանակից, ապա Տեր-Պետրոսյանի թիմը հստակ հասկացնում է, որ դեմ է մարդ-կուսակցություններով ու արհեստական կառույցներով շարժումը համալրելուն, ինչը, անշուշտ, ուղղված է ոչ թե փողոցի աշխուժացմանը, այլ ԲՀԿ նախագահի լիդերության ուժեղացմանը:
«Համաժողովրդական շարժում», որպես այդպիսին, գոյություն չունի: Դրա շունչը չկար անգամ գների թռիչքի ու դրամի անկման դրամատիկական օրերին, երբ հասարակությունը նույնիսկ ինքնաբխուխ կազմակերպվում էր: Ծառուկյանի արածը տեղավորվում է ներհամակարգային պայքարի տրամաբանության մեջ: Հերթական ստվերային պայմանավորվածություններին ընդառաջ՝ նա հերթական անգամ «մուսկուլ» է ցույց տալիս: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հազիվ թե սիրահոժար մասնակցեն մի միջոցառման, որում ընդամենն օգտագործվում են՝ իշխանության հետ հնարավոր բանակցություններում Ծառուկյանի քաղաքական կշիռը մեծացնելու համար:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ